Հիմնականում մարդիկ կլոր գաթա ավելի շատռ են սիրում և ուտում։ Այն հետաքրքիր համային հատկանիշներ ունի։ Առաջարկում ենք մածունով կլոր գաթայի բաղադրատոմս։ Հմուտ և փորձառու խոհարարուհին քայլ առ քայլ ներկայացնում է պատրաստման եղանակն ու նշում բոօլոր նրբություները։Դե ինչ, անցնենք գործի։
Անհրաժեշտ բաղադրիչներն են․ Խմորի համար՝
- 2 հատ ձու,
- 500 գ մածուն կամ թթվասեր,
- 300 գ կարագ,
- 5 -6 բաժակ ալյուր,
- 1 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ վանիլին
Խորիզի համար՝
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ ալյուր,
- 4 ճ գ ձեթ,
- Վանիլին
Պատրաստման եղանակը․ Մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք շաքարավազը, սոդան ու վանիլինը: Խառնում ենք ու սառնարանից դուրս բերում լավ սառը կարագը: Քերում ենք ալյուրի զանգվածի մեջ ու ձեռքերով արագ փշուրի վերածում: Աշխատում ենք արագ ու մատներով, ձեռքի ափերով աշխատելիս մեր ձեռքերի ջերմաստիճանն ենք փոխանցում, դրանից կարագը կարող է հալվել ու ավելի շատ ալյուր պահանջել: Դա նշանակում է, որ մեր պատրաստած գաթան մի փոքր ավելի չոր կստացվի, քան ցանկանում էինք: Իսկ ես ձեզ փափուկ գաթա եմ խոստացել)
Փշուրը ստանալուց հետո զանգվածի կենտրոնում փոս ենք անում, կոտրում ենք ձուն (1 դեղնուցը պահում ենք երեսին քսելու համար) , ավելացնում ենք մածունն ու հունցում փափուկ, չկպչող խմոր: Խմորը բաժանում ենք 2-3 գնդի, փաթաթում ենք սննդային թաղանթով ու 30 րոպեով դնում սառնարանը:
Ժամանակը լրանալուց հետո գնդերը հերթով դուրս ենք բերում, գրտնակում ենք ոչ շատ բարակ, վրան տարածում ենք խորիզն ու փաթաթում ոչ շատ պինդ: Պինդ փաթաթելու դեպքում խմորը թխվելիս ուռչում է ու դուրս հրում խորիզը: Սրա արդյունքում է, որ երբեմն գաթաների եզրերից խորիզը շատ է դուրս գալիս:
Փաթաթուկը կտրատում ենք 2-3 սմ, կամ ավելի մեծ կտորների, տեղափոխում բուսայուղ քսած տապակի վրա, երեսին հարած դեղնուց ենք քսում ու թխում ենք նախապես 200-220 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:
Միջանկյալ նշեմ, որ գաթաները ցածր ջերմաստիճան չեն սիրում, չորանում են: Նրանք պետք է արագ թխվեն, երկար թխվելուց որակը կորցնում են: Խոսքը վերաբերում է սոդայով ցանկացած գաթայի։
Ահա և վերջ, համեղ ու անուշ բուրմունքով փափուկ գաթան ձեր սեղանին է, մնում է թեյը լցնել ու կանչել ընտանիքի անդամներին: Մնացեք սիրով: