«..Ուրեմն «թքեմ» այս իշխանության երեսին. ուրիշ բան չունեմ ասելու» Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Analitik.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ երկու աղջիկների բերման են ենթարկում՝ դիմակ չկրելու և ոստիկանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի հանդեպ: «Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում և զուտ իրավաբանական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ: Բայց մի բան ակնհայտ է՝ դա անհամաչափ վարչարարություն է ոստիկանության կողմից, ինչն օրենքով անթույլատրելի է: Անմեղության կանխավարկածով մոտենալով իրավապահ մարմինների գործունեությանը՝ կարծում եմ, որ իրենք վերջում պարտավոր են լինելու հիմնավորել, թե ինչու են այդպես վարվել: Նորից եմ ասում՝ գործի մանրամասներին տեղյակ չեմ և վերջնական իրավաբանական գնահատական հնչեցնելու բարոյական իրավունք չունեմ, բայց դատելով ընդհանուր տեսարանից՝ չեմ կարծում, թե այդ աղջիկները կատարել են այնպիսի արարք, որ նրանց կարելի էր ձեռնաշղթաներով ուղեկցել ոստիկանություն:

Ի վերջո ոստիկանությունը դարձել է պատվեր կատարող մարմին և Նիկոլ Փաշինյանի անձնական պատվերներն է կատարում, ոչ թե զբաղված է իր բուն գործառույթներով: Այսօր հանրապետությունում հանցավորության նվազման միտումներ չեն նկատվում: Հանցավորության աճն առկա է և, փոխանակ պետությունը հետապնդի իրական հանցագործներին, հետապնդում է դիմակ չդնող քաղաքացիներին: Սա խայտառակության վերջակետն է և սրա համար անձամբ պատասխանատվություն է կրում հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հասարակությունը միշտ ունի ճիշտ տեղեկացված լինելու իրավունք, իսկ ճիշտ կառավարվելու իրավունքն առաջինը ներառում է ճիշտ ինֆորմացիա իշխանությունից ստանալու իրավունքը:

Եթե այդ աղջիկները կատարել են այնպիսի արարքներ, որոնցով հարուցել են քրեական օրենսգրքի զայրույթը, այդ դեպքում թող իրենք բարի լինեն հրապարակեն՝ իհարկե, անմեղության կանխավարկածը պահպանելով, ինչպես հաղորդումների ժամանակ անում է «Սուր անկյուն»-ը: Իսկ եթե դրա պատճառն ընդամենը դիմակ չկրելն է, ուրեմն «թքեմ» այս իշխանության երեսին: Ես ուրիշ բան չունեմ ասելու»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!